Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Աղիքների դիսբակտերիոզ

Աղիքների դիսբակտերիոզ

Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա: Աղիքներում բնակվող մանրէների հավաքակազմը ձևավորվում է կյանքի առաջին օրերից սկսած:

 

Նորմալ մանրէների ձևավորմանը նպաստող հիմնական գործոնը բնական սնունդն է: Հայտնի է, որ կրծքի կաթը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են աղիքներում առողջ, օգտակար մանրէների քանակի ավելացմանը: Հետևաբար, երեխայի կյանքի առաջին օրերի ոչ նպաստավոր պայմանները, հատկապես ստամոքսաաղիքային համակարգի գործունեության անկանոնությունները, աղիքների մանրէների կազմում առաջացնում են ծանր հետևանքներ ունեցող տեղաշարժեր: Հատկապես վնասակար է նորածիններին երկար ժամանակ հակաբիոտիկներ տալը:

 

Աղիքներում մանրէների հավասարակշռության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ կամ աղիքների դիսբիոզ (կենսաձևի խախտում), որի հիմնական պատճառներն են մարսողական համակարգի հիվանդությունները, հատկապես դրանց խրոնիկական ընթացքը, սխալ սնվելը, անորակ սնունդը, հիմնականում հակաբիոտիկների և այլ դեղորայքի չարաշահումը, ինչպես նաև վերին շնչուղիների բորբոքումները, որոնք ճնշող ազդեցություն ունեն իմունային համակարգի վրա: Վերջին տարիներին աղիքների դիսբակտերիոզը հաճախ տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում և դրա հետ կապված հիվանդացության աճը հիմնականում մեծ քանակությամբ դեղորայք և անորակ սնունդ օգտագործելու հետևանք է: Որոշակի դեր ունի նաև պատահական աղբյուրների, չստուգված խմելու ջրի օգտագործումը: 

 

Տարբերակում են աղիքների դիսբակտերիոզի բարդության չորս աստիճան: Առաջին աստիճանի դեպքում աղիքներում մի փոքր նվազում է առողջ մանրէների` հիմնականում բիֆիդում լակտոբակտերիա կոչվող ու լիարժեք աղիքային ցուպիկների քանակը, իսկ մնացած ցուցանիշները դեռևս գտնվում են նորմայի սահմաններում: Որպես կանոն, հիվանդության սկզբնական շրջանում աղիքների ֆունկցիայի զգալի խանգարումներ չեն նկատվում: Փաստորեն այդ շրջանը համարվում է գործնականորեն առողջ մարդու օրգանիզմի ռեակցիան այնպիսի անբարենպաստ գործոնների նկատմամբ, ինչպիսիք են սնվելու ռեժիմի խանգարումը, հատկապես լայն սպեկտրի հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը, վերին շնչուղիների կատառալ բորբոքումները: Չնայած այս փուլում մարդն իրեն լավ է զգում, սակայն ցանկալի է բուժումը սկսել հենց այդ շրջանում, երբ բուժման արդյունավետությունը բարձր է: 

 

Դիսբակտերիոզի երկրորդ աստիճանի ընթացքում աղիքներում բնակվող բիֆիդում բակտերիաների, լակտոբակտերիաների, ինչպես նաև աղիքային օգտակար ցուպիկների արտահայտված պակաս և ախտածին մանրէներիª ստաֆիլոկոկի, սնկերի, Proteus կոչվող բակտերիաների աճ է արձանագրվում: Աղիքների գործունեությունը փոքր-ինչ խանգարվում է: Կղանքը պարբերաբար դառնում է ջրիկ, կանաչ երանգ և տհաճ հոտ է ունենում: Հիվանդները հազվադեպ գանգատվում են փորկապությունից, որովայնի փքվածությունից, սրտխառնուքից: Նկատվում են ալերգիկ երևույթներ: 

 

Աղիքների դիսբակտերիոզի երրորդ աստիճանի ժամանակ զգալիորեն ավելանում են ագրեսիվ, ախտածին մանրէները: Դրանց թիվը հասնում է տասնյակ միլիոնների: Հետազոտվող կղանքի նմուշներում հայտնվում են ախտածին մանրէների` ոսկեգույն ստաֆիլոկոկի, պրոտեուսի, հեմոլիտիկ էնտերոկոկի, կլեբսիելայի, էնտերոբակտերիաների, ցիտրոբակտերիաների մեծ քանակ: Այս փուլում հիվանդները գանգատվում են որովայնի փքվածությունից, ախորժակի վատացումից, վատ ինքնազգացումից, թուլությունից, լուծից, կղանքը լինում է չձևավորված, հաճախ կանաչ գույնի: Հիվանդը դառնում է անաշխատունակ: Քաշը պակասում է: Նկատվում են նաև ալերգիկ նշաններ` հատկապես դեմքի վրա: 

 

 

Նշված երևույթներն ավելի են արտահայտվում աղիքների դիսբակտերիոզի չորրորդ աստիճանի ժամանակ: 

 

Աղիքների դիսբակտերիոզի հիմնական ախտորոշիչ մեթոդը մանրէաբանական հետազոտությունն է, որը պետք է կատարվի պատշաճ մակարդակով. կղանքը ստերիլ փայտիկով դրվում է ստերիլ ապակյա ամանի մեջ և շտապ հասցվում մանրէաբանական լաբորատորիա: Երկու-երեք օրվա ընթացքում կատարվող հետազոտությունների հիման վրա բժիշկ-մանրէաբանը տալիս է իր եզրակացությունը, որի հիման վրա էլ սկսում է բուժումը: Կոպիտ սխալ է, երբ հիվանդն առանց բժշկի եզրակացության զբաղվում է ինքնաբուժմամբ, քանի որ բժիշկը ինչպես բուժումը սկսելիս, այնպես էլ` ընթացքում, հիմնվում է առաջին հերթին անձի ինքնազգացողության և լիարժեք զննման արդյունքների վրա: Այնուհետև նա ծանոթանում է կղանքի մանրէաբանական կրկնակի հետազոտությունների տվյալներին և որոշում իր հետագա անելիքը: Պատահում են դեպքեր, երբ կղանքի մանրէաբանական հետազոտության պատասխանը չի համապատասխանում հիվանդի վիճակին: Այդ դեպքում ևս կրկնակի հետազոտություն է կատարվում: 

 

Աղիքների դիսբակտերիոզի ժամանակ բուժումը նշանակում են, ելնելով հիվանդության զարգացման աստիճանից: Առաջին և երկրորդ աստիճանի դիսբակտերիոզով հիվանդի բուժումը ցանկալի արդյունք է տալիս: Հիվանդությունը բուժելու համար առաջին հերթին պետք է վերացնել հիվանդության հիմնական պատճառը` բացառել հակաբիոտիկների օգտագործումը, որոնք էլ ավելի են խորացնում աղիքներում ախտածին և օգտակար մանրէների հավաքակազմերի հաշվեկշռի փոփոխությունները ի վնաս մարդու օրգանիզմի: Հիվանդները պետք է հիշեն, որ սննդում անհրաժեշտ է խիստ սահմանափակել թարմ հացի, թխվածքների, ճարպոտ, հատկապես ոչխարի և խոզի մսի օգտագործումը: Պետք է լայնորեն օգտվել բնական գործոններից, որոնք զգալի չափով նպաստում են կենսաբանորեն ակտիվ մանրէների քանակի ավելացմանը: Բավական արդյունավետ է «Նոր Նարինե» խտանյութի օգտագործումը (հատկապես լուծված «Ջերմուկ» հանքային ջրում), նաև բուժական միկրոհոգնաների ձևով: Բուժման այս եղանակն առաջարկվել է ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում: Աղիքների ծանր դիսբակտերիոզի ժամանակ բժիշկը կարող է լրացուցիչ նշանակել օգտակար մանրէների քանակն ավելացնող դեղամիջոցներ: 

 

Այսպիսով, աղիքների դիսբակտերիոզով հիվանդի բուժման արդյունավետության գրավականը ժամանակին ախտորոշելն ու նպատակային բուժումն իրականացնելն է, ուստի վերը նկարագրված երևույթները նկատելիս մի ուշացրեք, դիմեք բժշկի և նրա խորհուրդներն ու բուժումը ձեզ կազատեն դիսբակտերիոզի բարդություններից:

Հեղինակ. Էդուարդ Գրիգորյան ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, ՀՀ ԲԳԱ իսկական անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի վերականգնողական կենտրոնի գիտական ղեկավար
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.11.2015

Հարգելի Silva, բարև Ձեզ: Մեր կայքի կոմպենտենցիայից դուրս է գնահատել որևէ կլինիկայի կամ սարքավորման աշխատանքի ճշգրտությունը, հայցում են Ձեր ներողամտությունը:

Silva

17.10.2015

barev dzez ,inc jisht janaparh@ kaseq ?es uzumem analiz tal dizbakteriozi ev jijuneri hamar , im bjishkuhin uxarkele layf med kentron ,vor@ stugum en aparatov ,uzum em imanal da jisht cuyc kta ? shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ